Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Աջափնյակ վարչական շրջանի Սիսակյան 22 հասցեում գտնվող բազմաբնակարան նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Նորակառույց շենքում իրենց բնակարանամուտն են տոնել Ֆուչիկի փողոցի թիվ 12, Շինարարների 15 վթարային շենքերի եւ Սարի թաղի 18-րդ փողոցի սողանքների հետեւանքով վթարային դարձած 10 տների բնակիչները: Նորաբնակներն իրենց բնակարանների բանալիներն անձամբ  Երեւանի քաղաքապետից են ստացել:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ շնորհավորելով բնակիչներին՝  Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը,  կարեւորելով խնդրի առաջնահերթությունը, անում է  հնարավորը, որ վթարային շենքերի բնակիչներն օր առաջ ապահով ու հարմարավետ բնակարաններ  ունենան: 

«Յուրաքանչյուր ընտանիք պետք է ունենա իր ապահով, հարմարավետ բնակարանը:  Այսօր դեռ մոտ 450 ընտանիք սպասում է այս օրվան: Վստահեցնում եմ, որ մենք փորձելու ենք քայլ առ քայլ այդ բոլոր ընտանիքներին նույնպես ապահովել բնակարաններով: Շնորհավորում եմ բոլորիդ եւ առաջին հերթին այս ուրախ խաղացող երեխաներին, ովքեր այսուհետ առանց վախենալու ապրելու են այս շենքում»,- իր խոսքում ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը նաեւ հյուրընկալվել է բնակարաններից մեկում, ծանոթացել պայմաններին, խաղաղություն եւ բարեկեցություն մաղթել ընտանիքներին:

Ժամանակակից չափորոշիչներին համապատասխան նորակառույց բազմաբնակարան շենքը բնակիչներին է հանձնվել կոմունալ - կենցաղային բոլոր հարմարություններով ապահովված: Ունի նաեւ էներգամատակարարման այլընտրանքային տարբերակ, ստորգետնյա ավտոկայանատեղի: Շենքը հարմարեցված է նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժին:

Ամբողջությամբ բարեկարգված շենքի հարակից տարածքում էլ մանուկների համար տեղադրվել են ժամանակակից խաղային ատրակցիոններ:

Բնակիչները շնորհակալություն են հայտնել քաղաքապետին՝ գործընթացը հնարավորին կարճ ժամկետում կազմակերպելու, իրենց անվտանգությունն ապահովելու եւ հարմարավետ պայմաններում վերաբնակեցնելու համար:

 Ի դեպ, նախապես կազմակերպված վիճակահանության միջոցով բնակիչներն իրենք էին ընտրել իրենց բնակարանները:

Նույն օրը Տարոն Մարգարյանը Աջափնյակ վարչական շրջանում մասնակցել է Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացմանը: Հուշարձանը տեղադրվել է Հալաբյան փողոցի 24 հասցեում գտնվող շենքի հարեւանությամբ: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել նաեւ ԵԿՄ վարչության Աջափնյակի տարածքային բաժանմունքի անդամներ, զոհված ազատամարտիկների հարազատներ:  Կատարվել է օրհնության կարգ: Հուշարձանի հարակից տարածքն ամբողջությամբ բարեկարգվել է: