Ապրիլի 17-ին, ժամը 14.00-ին Հայաստանի ԱԻՆ-ը Երեւանի Ս. Գեւորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցում (հասցեն՝ Դավիթաշեն 3-րդ թաղամաս) կանցկացնի հատուկ տակտիկական ուսումնավարժություն` «Դպրոցում ծագած ուժեղ հրդեհի դեպքում աշակերտների տարհանման, հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով։
Ուսումնավարժության նպատակներն են.
1. գործնականում ստուգել դպրոցում տեղադրված «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ահազանգման ու ազդարարման համակարգի, ինչպես նաեւ ՔՊ պլաններով նախատեսված տնօրինության եւ ուսուցչական կազմի կողմից տարհանման գործընթացների իրականացման հմտությունները.
2. կատարելագործել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի եւ հատուկ հրշեջ ջոկատի անձնակազմերի գործնական հմտությունները.
3. ներդաշնակ դարձնել արձագանքող ուժերի գործողությունները:
Միջոցառմանը մասնակցում են թիվ 189 ավագ դպրոցի ուսուցչական եւ աշակերտական կազմը, ՀՀ ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 1 մարտական հաշվարկ, շտապօգնության 1 բրիգադ եւ ՀՀ ոստիկանության հասարակական կարգի պահպանման ծառայության մեկ մարտական հաշվարկ:
Մտահղացման համաձայն` դպրոցի կենտրոնական, երկհարկանի մասնաշենքի 2-րդ հարկի հանդիսությունների դահլիճում հրդեհ է բռնկվել, որը գրավել է շուրջ 100 քմ տարածք, ու տարածվում է դեպի տանիք։ Կա 4 պայմանական տուժած, որոնք ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ եւ այլ վնասվածքներ։ Առկա է հրդեհի տարածման ու ծխապատ գոտու առաջացման վտանգ եւ անհրաժեշտ է տարհանել տվյալ շենքում գտնվող ուսուցչական կազմին եւ 1000-ից ավելի աշակերտներին։




























