Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը հերքում է իր՝ պաշտպանության նախարար նշանակվելու մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Արկադի Ղուկասյանը:

Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հետեւյալը. «Եթե ես չեմ սխալվում, Հայաստանում էլ պաշտոն չի մնացել, որին ինձ չեն նշանակել: Վարչապետ եղել եմ արդեն, արտաքին գործերի նախարար եղել եմ, սփյուռքի նախարար եղել եմ, փոխվարչապետ եղել եմ, հիմա էլ մնացել է պաշտպանության նախարար, նորմալ է, նման բան չկա, դա այդ շարքից է»:

Նշենք, որ «Ժամանակի» տեղեկություններով՝ առաջիկայում նոր ձեւավորվելիք կառավարության կազմում սպասվում են էական փոփոխություններ: «Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀ պաշտպանության նոր նախարար է նշանակվելու ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը:

«Ժամանակի» տեղեկություններով՝ Ս. Օհանյանն էլ կնշանակվի տարածքային կառավարման նախարար: Իսկ թե ինչ է լինելու ՏԿ գործող նախարար Արմեն Գեւորգյանի հետ, առայժմ չհաջողվեց պարզել»,- գրել է «Ժամանակը»։