«Առանց տիրոջ կամքի նույնիսկ ծառից տերեւը վայր չի ընկնում», NEWS.am-ի հետ զրույցում ասել է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով Ներսիկ Նազարյանի պաշտոնանկությանը:

Հարցին թե հնարավո՞ր է, այդ պաշտոնանկությունը կապված է ապրիլի 9-ի դեպքերի հետ, երբ Նազարյանը հետեւում էր ոստիկանների բռնություններին եւ չէր կանխում դրանք, Գասպարյանն ասել է. «Ես չեմ տեսել ոստիկան, որի մասին չհնչեն քննադատություններ: Դա այն խնդիրն է, որ մենք պետք է կարողանանք լուծել: Դա այն խնդիրն է, որի ուղղությամբ այսօր մենք աշխատում ենք: Գիտեք ինչ, ոչ մի արդար գործ անպատիժ չի մնում: Կարեւորը մենք տեսնենք մեր թերությունները եւ գնանք դրանք սրբելու ճանապարահով»:

Ինչու հենց այս պահին որոշվեց պաշտոնանկ անել տարիներ շարունակ ամուր դիրքերում գտնվող Նազարյանին, հարցին էլ արձագանքեց. «Երեւի բազում անգամ լսած կլինեք, մենք կրկնում ենք՝ մենք զինվորականներ ենք եւ մեր համար կարեւորը հրամանն է, կհրամայեն էստեղ՝ կաշխատենք այստեղ, կհրամայեն կադրերի տրամադրության տակ՝ ուրեմն այնտեղ կլինենք»,-ասել է ոստիկանապետը ՝ խուսափելով անդրադառնալ հրամանների հիմքերին: «Ի՞նչ է, Նազարյանը յուրահատուկ մա՞րդ է, մեր աշխատանքային փոփոխությունների շրջանակում էր նաեւ այդ փոփոխությունը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է մամուլի այն անդրադարձին, թե Ներսես Նազարյանը խոշոր մեքենայությունների մեջ է կասկածվում, Վլադիմիր գասպարյանը նշել է. «Դա մամուլի մեկնաբանություն է ընդամենը, մամուլը ազատ է իր մեկնաբանությունենրի մեջ»:

Հարցին, թե ինչպես է վերաբերում, երբ Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն «զորավար» է կոչում, ոստիկանապետը շտկել է՝ «միգուցե զորավոր, իհարկե շատ լավ եմ վերաբերում»: