Յուրաքանչյուր երկրի համար աղետ է, երբ մի կուսակցություն ամբողջությամբ տիրապետում է իշխանությանը, սակայն ունի բավական ցածր վարկանիշ, ինչպես Հանրապետական կուսակցությունը: Այդ մասին ապրիլի 16-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:

«ՀՀԿ-ն ընտրությունների ողջ ընթացքում խուսափել է քաղաքական բանավեճերից: Մենք առաջարկում ենք` թող Տարոն Մարգարյանը բանավիճի քաղաքապետի մեր պոտենցիալ թեկնածու Արմեն Ռուստամյանի հետ»,- ասել է ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչը` ընդգծելով, որ կա իրական գործող երեւանցիների շահերով ղեկավարվող ավագանու ձեւավորման խնդիր:

Նա նշել է, թե անհրաժեշտ է ձգտել, որ ընդդիմադիր ուժերից յուրաքանչյուրը կարողանա ստանալ ձայների առավելագույն քանակություն, որպեսզի հետագայում ընդհանուր ուժերով նշանակեն իրենց քաղաքապետին: «Դրա համար բոլոր հնարավորությունները գոյություն ունեն: Իրական հնարավորություն կա մենակ գնալու, ճիշտ աշխատելու, ձայների առավելագույն քանակություն ստանալու եւ քաղաքում մթնոլորտը փոխելու համար»,- ասել է Աղվան Վարդանյանը` հավելելով, որ ընդդիմությունն ավելի արդյունավետ կղեկավարի քաղաքը: