«Յունիբանկը» սկսել է թողարկել Visa չիպային քարտեր սեփական պրոցեսինգային կենտրոնի միջոցով: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրին Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Պրոցեսինգային կենտրոնի գործարկումն ու չիպային քարտերի թողարկումը թույլ կտա բանկին էապես մեծացնել քարտերի էմիսիայի ծավալը, բարձրացնել անվտանգության մակարդակը եւ բարելավել քարտերի սպասարկման որակը:
Չիպային քարտերի վրա առկա է հատուկ միկրոպրոցեսոր, որն ապահովում է առավել մեծ ծավալով տեղեկատվության գրանցում եւ պաշտպանվածություն: «Յունիբանկի» չիպային քարտերի եւս մեկ առավելությունն է դրանց մուլթիարժութային լինելը, ինչը ենթադրում է տարբեր արժույթներով մի քանի հաշիվների ամրագրում հիմնական քարտին: Մուլթիարժութային քարտերը հաճախորդների համար շահավետ են անհրաժեշտ պահին ցանկացած արժույթի կիրառման հնարավորության առումով:
Յունիբանկը կներդնի նաեւ ակտիվ ֆրոդ-վերահսկողության համակարգ, որն ավտովմատ կերպով կվերհանի կասկածելի գործարքները եւ ինքնուրույն, արհեստական ինտելեկտի հիման վրա, որոշումներ կընդունի: Կասկածելի գործարք հայտնաբերելու դեպքում քարտը կարգելափակվի, իսկ համակարգը sms հաղորդագրություն կուղարկի հաճախորդին, որ նա հաստատի գործարքը, եւ միայն պատասխան ստանալուց հետո քարտը նորից կակտիվանա: Այդ կերպ ֆրոդ-վերահսկողության համակարգը հանդես է գալիս որպես հերթապահ օպերատոր շուրջօրյա ռեժիմում:
Յունիբանկը հաճախորդներին առաջարկում է ցանկացած դասի Visa չիպային քարտեր, այդ թվում VISA Infinite, որոնք ներառում են կոնսյերժ ծառայություն: Այն է` ավիատոմսերի, հյուրանոցների, մշակութային միջոցառումների տոմսերի պատվիրում, փաստաթղթերի, նվերների առաքում եւ այլն:
Smart Vista լուծմամբ պրոցեսինգային կենտրոնը «Յունիբանկը» ձեռք է բերել «ԲՊՑ Բանկային տեխնոլոգիաներ» խոշորագույն ընկերությունից: Smart Vista համակարգն ապահովում է բանկի քարտային բիզնեսի բոլոր բաղադրիչների արդյունավետ կառավարումը, ներառյալ քարտերի էմիսիան, էքվայրինգը եւ աջակցությունն էլեկտրոնային առեւտրի զարգացմանը: Պրոցեսինգային կենտրոնի ստեղծման ուղղությամբ կատարված ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար: Դրա հետ մեկտեղ, «Յունիբանկը» կշարունակի մնալ Armenian Card վճարային համակարգի լիիրավ անդամ:




























