Ապրիլի 22-ին, ժամը 13:00-ին ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքի եթերով  կցուցադրվի «Ամբողջ սրտով քոնը» ֆիլմի պրեմիերան, որը վերաբերում է երկու ժամանակաշրջանի. Հայկական գրատպության 500-ամյակին եւ Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանում հայկական «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, ռեժիսոր Անդրեյ Կուրենկովի ֆիլմը պատմում է հայկական գրքերի` սկսած ձեռագրերից մինչեւ առաջին տպագիր հրատարակության, եւ այդ գրքերի հեղինակների անցած չափազանց դժվար, երբեմն էլ` ողբերգական ուղու մասին: Ֆիլմի հեղինակաները ցույց են տվել, որ գիրքը դարերի ընթացքում ոչ միայն պահպանել է հայ ժողովրդի գիտությունը, ավանդույթներն ու տաղանդներն, այլ նաեւ Հայոց ցեղասպանության ժամանակ համախմբված լինելու գործոն է եղել:

Ֆիլմի ստեղծմանը մասնակցել են քանդակագործ Ռոբերտ Ասկարյանը, Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ցուցահանդեսների սրահների ղեկավար Աիդա Չարխչյանը, գրող Լեւոն Անանյանը, Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանը, Էքսկուրսավար Ելենա Անանյանը, Էջմիածնի գրադարանի տնօրեն Ազատ Բոզոյանը, Շուշի քաղաքի թանգարանային բաժնի ղեկավար Աշոտ Հարությունյանը: Տեքստը կկարդա Ավանգարդ Լեոնտեւը:

2012 թվականին հայկակական գրատպությունը տոնել է իր 500-ամյակը եւ այդ տարին Հայաստանում հայտարարվել է գրքի տարի, իսկ Երեւանը ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից  հայտարարվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք: