Ադրբեջանում կրկին հսկողություն է սահմանվել ընդդիմադիր «Ազալդիգ» թերթի բանկային հաշվեհամարի վրա: Այսօր` ապրիլի 16-ին, այդպիսի վճիռ է կայացրել Բաքվի Յասմալի շրջանային դատարանը, հայտնել է Turan-ը:
Դատավճիռը կայացվել է Բաքվի մետրոպոլիտենի ղեկավար Թագի Ահմեդովի ներկայացրած հայցի հիման վրա, ով իրեն վիրավորված է զգացել 2012 թվականի ապրիլի 8-ին թերթում հրապարակված «Թաղի Ահմեդովը յուրացրել է հինգկոպեկանոց մետաղադրամները» վերնագրով հոդվածից: Պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար նա թերթից պահանջել է 200 հազար մանաթ:
Ինչպես հայտնել է contact.az-ը` հոդվածում գրվել է, որ Բաքվի մետրոյի մուտքի արժեքի` 15-ից մինչեւ 20 գյապիկ թանկացումից հետո, անցաքարտերի վրա մնացած գումարի օգտագործումն անհնար է դարձել: Հոդվածի հեղինակն այդ կապակցությամբ հեգնել է` նշելով, որ Թաղի Ահմեդովը յուրացրել է այդ մնացորդը:
Յասմալսկի շրջանային դատարանը մասամբ է բավարարել հայցը` պարտադրելով թերթին Ահմեդովին վճարել 30 հազար մանաթ: Բաքվի Վերաքննիչ եւ Գերագույն դատարաններն անփոփոխ են թողել այդ դատավճիռը:
Թերթի գլխավոր խմբագիր Հաջիեւը բանկային հաշվեհամարի վրա սահմանված հսկողությունը գնահատել է որպես թերթին տնտեսապես խեղդամահ անելու փորձ: Նա չի բացառել, որ թերթի հրապարակումը եւս կդադարեցվի: Թերթի վրա եւս մեկ տուգանք է սահմանվել` 30 հազար մանաթի չափով` «Բինա» առեւտրի կենտրոնի սեփականատեր Քյափիր Մամեդովայի հայցի հիման վրա:




























