Լեւոն Զուրաբյանին, Արամ Մանուկյանին եւ Գագիկ Ջհանգիրյանին ՀԱԿ դաշինքի ԱԺ խմբակցությունից հեռացնելու մասին հարցը իրավաբանորեն փակված է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ համամասնական ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը` անդրադառնալով «Մարդու իրավունքներ 96» կուսակցության առաջնորդ Ռուբեն Թորոսյանի նման առաջարկին:
«Չգիտեմ ինչից ելնելով, ինչ չափանիշներից ելնելով է ասում, այդ պատճառաբանությունները ինձ համար հիմք չեն, որ համաձայնեմ իր հետ, չէի ցանկանա, այլ գնահատականներ տալ: ՀԱԿ դաշինքի մեջ մտնում է նաեւ ՀԱԿ կուսակցությունը: Ինքը մի կարեւոր հանգամանք հաշվի չի առնում, որ ՀԱԿ դաշինքի մեջ մտնող ՀՀՇ կուսակցությունը դարձել է ՀԱԿ կուսակցություն, այնպես որ իրավական առումով այդ հարցը փակված է, բարոյական առումով կարող է իր տեսակետները հայտնել, ինչ-որ մարդու հանդեպ համակրանք ունենալ կամ չունենալ, այդ դաշտ չեմ ցանկանում մտնել»,- ասաց նա:
Նշենք, որ ՀԱԿ դաշինքի մաս կազմող «Մարդու իրավունքներ-96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը առաջարկում է ՀԱԿ խմբակցությունից հեռացնել Լեւոն Զուրաբյանին, Գագիկ Ջհանգիրյանին ու Արամ Մանուկյանին, իսկ ՀԱԿ դաշինքի համակարգող ընտրել Նիկոլ Փաշինյանին:




























