Երեւանի ավագանու ընտրություններին Հայ ազգային կոնգրես կուսակցությունը նույնիսկ 6 տոկոս ձայն հավաքելու դեպքում կվերցնի իր մանդատները: Այս մասին այսօր` ապրիլի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ համամասնական ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը:

Իսկ թե ինչու նախորդ ընտրություններին այդքան ձայն հավաքելով չէին վերցրել ավագանու մանդատները, իսկ այժմ կվերցնեն, նա մեկնաբանեց, որ անցյալ անգամվա քաղաքական իրավիճակը եւ հիմիկվանը էականորեն տարբերվում են: «Անցյալ անգամ մեր գործունեությունը հիմնականում իրականացվեց փողոցում: Անցյալ անգամ մենք ունեինք քաղբանտարկյալներ եւ որեւէ համագործակցության չէինք գնա իշխանության հետ, մինչեւ վերջին քայլը, երբ ազատվեց վերջին քաղբանտարկյալը: Եվ մենք նստեցին երկխոսության իշխանության ներկայացուցիչների հետ մինչեւ այն դեպքը, երբ նորից հայտնվեց քաղբանտարկյալ` հանձինս Տիգրան Առաքելյանի»,- ասաց նա: Հարցին, թե եթե քաղաքապետ չընտրվեք, ավագանու կազմում կաշխատե՞ք, Խաչատրյանը պատասխանեց. «Մեծ ամբիցիաներ չունեմ: Ավելի շատ մտածում եմ, ոնց կարող եմ օգտակար լինել»:

Նա շեշտեց, որ այսօր իշխանությանը հաղթելու հնարավորությունը ռեալ է գնահատում միայն ոչ իշխանական ուժերի հետ համագործակցության արդյունքում:

Ընտրախախտումների վերաբերյալ իշխանությունների տրամադրվածության մեջ նա ոչ մի փոփոխություն չի տեսնում, «շատ ավելի կազմակերպված ձեւով է հիմա դա արվում, բոլոր լծակներն են օգտագործվում»: Վահագն Խատատրյանը նշեց, որ տեղեկություն ունի, թե ինչեր է կատարվում տեղերում, ինչ ակտիվ մասնակցություն պետք է ունենան ուսուցիչները, առողջապահական հիմնարկի աշխատողները, «քաղաքային տնտեսության եւ պետական իշխանության բոլոր օղակները մասսայական զբաղված են իշխանության ներկայացուցիչների քարոզչությամբ, ցուցակագրելով, անձնագրային տվյալներ հավաքելով»: 

«Տեղերում այսօր ունենք 4 հանձնաժողովի անդամ, հնարավորություն ունենք ունենալու նաեւ վստահված անձինք, պարտավոր ենք ընդհանուր լեզու գտնել ընտրական գործընթացների վերահսկողություն իրականացնելու, միմյանց օգնելու, տեղեկություններ փոխանցելու հարցում, արդյունքում կտեսնենք»,- նշեց Երեւանի նախկին քաղաքապետը;

Անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե ՀԱԿ-ի ընտրազանգվածի մեծ մասն Ազատության հրապարակում է` Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին, այդ ընտրազանգվածին ՀԱԿ-ը չի՞ կորցրել, նա նշեց. «Եվ մերն է եւ «Ժառանգությանը»: Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է ընտրություններում, նաեւ իշխանությունների նկատմամբ ժողովրդի մեծ դժգոհության շնորհիվ: Ես այդ մարդկանց չեմ ուզում բաժանել: Չեմ ուզում ասել` իմ ընկերն այնտեղ գտնվում է ինձ ձայն կտա, թե չի տա: իմ ընկերը պետք է որոշի: Մենք մեծ հնարավորություն ենք տվել մարդկանց, նկատի ունեմ 4 ոչ իշխանական ուժերին, իրենց գաղափարական տեսակետից քվեարկել իրենց ուզած մարդուն: Ամենակարեւորը ` իշխանության ներկայացուցիչներն այս ընտրություններում չհաղթեն եւ չունենան համապատասխան ձայներ, որով կարողանան քաղաքապետ ընտրել եւ ավագանի ձեւավորել»: