«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երբեք իր առջեւ նպատակ չի դրել օգտագործել ուրեւէ քաղաքական ուժի կամ քաղաքական գործչի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հայտարարությունը, թե ԲՀԿ-ն անխնա օգտագործում է ՀԿԱ-ին ու նրա առաջնորդին:
«Ես չգիտեմ, թե ինչ է նկատի ունեցել Ռուբեն Հակոբյանը, բայց ԲՀԿ-ն երբեք իր առջեւ նպատակ չի դրել օգտագործել ուրեւէ քաղաքական ուժի կամ քաղաքական գործչի»,-նշեց նա:
Բացի այդ, Զոհրաբյանն ընդգծեց, որ ոչ մի քաղաքական ուժ չի կարող օգտագործել ԲՀԿ-ին: «Դա միանշանակ է: Մենք երբեք չենք ունեցել եւ չունենք նման քաղաքական ցանկություն եւ քաղաքական դրդապատճառ՝ օգտագործել այս կամ այն քաղաքական ուժին»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ասուլիսում հայտարարել էր, որ մինչ օրս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հաջողվել է անխնա օգտագործել ՀԱԿ-ին ու նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նա հիմա էլ փորձում է նույնն անել:




























