Այսօր Վրաստանը տարածքներ կորցնելու վտանգի առաջ է կանգնել, եւ դրան միայն նպաստում է Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ Վրաստանի նոր կառավարության անհեռատես քաղաքականությունը: Այս մասին «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:

Նրա խոսքով` Ռուսաստանը Վրաստանում իշխանության է բերել մի կառավարության, որը նրա սցենարով պետք է քննադատի նախագահ Սահակաշվիլիին, որպես ազատ Վրաստանի խորհրդանիշ, հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը:

«Քաղաքական գործիչները հաճախ են հայտարարել, որ Սահակաշվիլիին սպասվում է Միլոշեւիչի ճակատագիրը: Եթե ցանկանում եք ինձ վիրավորել, անվանեք ինձ Չաուշեսկու կամ Քադաֆի, բայց մինչ ինձ Միլոշեւիչ անվանելը հարկավոր է մտածել: Դա հստակ սցենար է: Միլոշեւիչից հետո տեղի ունեցավ Հարավսլավիայի խարխլումը, եւ այդ գործընթացը դեռ չի ավարտվել»,- հայտարարել է Սահակաշվիլին` ավելացնելով` «Սատանան ինձ հետ, բայց պետք չէ պառակտել երկիրը»:

«Քանի դեռ ոտքի վրա եմ, կպայքարեմ, ինչքան էլ որ ինձ հետապնդի աշխարհի գլխավոր մաֆիոզը, ով հայտարարել է, որ ինձ հետ հաշիվները ֆիզիկապես կմաքրի: Դա նշանակություն չունի: Ինձ իսկապես կարող են վերացնել, բայց Վրաստանի գաղափարը վերացնել նրանք չեն կարող»,- ասել է նա: