Այօր քչերը կհիշեն, թե երեւանը ինչ քաղաք է եղել. Երեւանը փոքր քաղաք էր եւ բոլորն իրար ճանաչում էին: Այս մասին, այսօր` ապրիլի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ժողովրդական արտիստ, հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանը՝ խոսելով Երեւանի ավագանու ընտրությունների, ինչպես նաեւ հին ու նոր Երեւանի մասին:

Նրա խոսքով՝ հիմա Երեւանը փոխվել է եւ եվրոպական քաղաք է դարձել, որը ե’ւ լավ է, ե’ւ վատ: «Լավ է, որ փողոցները լայնացել են, շենքեր են կառուցել: Հին Երեւանի կոլորիտը պահպանելու համար մնում է պուլպուլակներին էլ ուշադրություն դարձնել: Իսկ Երեւանի համար պետք է սրտացավ լինեն ոչ միայն ղեկավարները, այլեւ՝ քաղաքացիները: Իսկ բացասականն այդքան շատ բարձրահարկ շենքերն են»,- ասաց Ջիվան Գասպարյանը:

Նրա համար կարեւոր չէ, թե ով կլինի Երեւանի քաղաքապետ, միայն լավ վերաբերի Երեւանին: «Ես լավ դուդուկահար եմ, բայց եթե ջութակ նվագեմ՝ կլինեմ միջակ ջութակահար»,- ընդգծեց Ջիվան Գասպարյանն ու հավելեց, որ ինքը քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատասիրությունից գոհ է:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի