Հայաստանի ոստիկանությունը պարզաբանել է Երեւանի ոստիկանապետի պաշտոնից Ներսես Նազարյանին ազատելու մասին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որոշումը:
Ըստ այդմ նշվում է, որ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելն «աշխատանքային մոտեցում է եւ լիովին տեղավորվում է ոստիկանության բարեփոխումների տրամաբանության եւ կադրային քաղաքականության շրջանակներում»:
«Ոստիկանության համար սկզբունքային է ծառայության եւ բիզնեսի համատեղման բացառումը, այսպես ասած՝ սերտաճումը հասարակության որոշակի շերտերի հետ, ինչը անխուսափելի է նույն տեղում տեւական աշխատանքի դեպքում ու բացասաբար է ազդում օպերատիվ իրավիճակի եւ ծառայողական գործունեության արդյունքների վրա:
Տվյալ դեպքում, մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երեւան քաղաքի կայազորի աշխատանքի արդյունավետությունը նվազել է, ինչն անթույլատրելի է, եւ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեին իրավիճակը շտկելու համար:
Ոստիկանությունը կարեւորում է իր առաքելության լիարժեք իրականացումը, իսկ մնացածը անհիմն եւ անիմաստ խոսակցություններ են»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:




























