Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով տեղի ունեցած վճռաբեկ դատարանի առաջին նիստում որոշում չի կայացվել։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ վճռաբեկի նիստում քննարկվել է Հրանտ Դինքի սպանության գործում սպանությանն աջակցության համար 12 տարի եւ 6 ամիս ազատազրկման դատապարտված  Էրսին Յոլջուի փաստաբանի հայցը, որը դատարանը որոշում կայացրեց քննարկել մայիսի 15-ին։

Վճռաբեկ դատարանի մերժել է Դինքի փաստաբանների՝ դատական նիստին մասնակցելու եւ հայտարարությամբ հանդես գալու միջնորդությունները՝ պնդելով, թե վճռաբեկը առաջին ատյանի դատարան չէ եւ նոր դատավարություն տեղի չի ունենալու։

Դինքի սպանության գործով դատապարտված մյուս 18 հոգին չեն ներկայացրել նիստ հրավիրելու հայց, ինչի հետեւանքով նրանց գործերը կուսումասիրվեն միայն առանց դատական նիստերի։

Նշենք, որ հունվարի 17-ին թուրքական դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր ճանաչեց սպանությունը ծրագրավորելու եւ կազմակերպելու մեղադրանքով եւ դատապարտեց ցմահ ազատազրկման։ Սպանության ուղղորդողներից Էրհան Թունջելը Դինքի սպանության գործով անմեղ ճանաչվեց եւ դատապարտվեց 10 տարի 6 ամիս պատժաչափի՝ Mc Donald’s-ի պայթյունի համար։ Սակայն դատարանը նրան ազատ արձակման որոշում է կայացրել` հաշվի առնելով, որ նա այսքան ժամանակ գտնվել է կալանքի տակ: Համապատասխան գործընթացից հետո Էրհան Թունջելը ազատ է արձակվել:

Դատարանի որոշմամբ Դինքի սպանության գործով 19 մեղադրյալների վրայից հանվեց ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեղադրանքը։