Հայաստանի ոստիկանությունն արձագանքել է մամուլի հրապարակմանը, որտեղ նշվում է, որ բարձրաստիճան ոստիկանների կողմից ստեղծված ու ղեկավարվող ֆինանսական բուրգի բացահայտման մասին:

«Ոստիկանությունը նման ինֆորմացիայի չի տիրապետում եւ տեղեկատվություն ունեցողներին առաջարկում է տրամադրել իրենց ձեռքի տակ ունեցած բոլոր տվյալները:

Հավաստիացնում ենք, որ գործին պատշաճ ընթացք կտրվի, եւ հասարակությունը մեկ անգամ եւս կհամոզվի, որ ոստիկանությունը լիարժեք կատարում է օրենքով նախատեսված իր խնդիրները»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հայկական ժամանակ» թերթը գրել էր, որ հիմնավոր կասկածներ կան, որ Ներսիկ Նազարյանը Երեւանի ոստիկանապետի պաշտոնից ազատվել է ՀՀ բարձրաստիճան մի քանի ոստիկանների կողմից ստեղծված եւ նրանց կողմից ղեկավարվող ֆինանսական ապօրինի բուրգի բացահայտման շրջանակում։

«Այդ կառույցը խաբեությամբ 2,5 մլն դոլար է կորզել մարդկանցից եւ «պայթել»։ Ուշագրավ է, որ ըստ մեր տեղեկությունների, այդ «ֆինանսական կառույցի» գլխավոր դերակատարներից է նաեւ ՀՀ ոստիկանության մարզային վարչություններից մեկի ղեկավարը, որի անունն առայժմ չի նշվում։ Վերջինս ինչ-ինչ մեքենայություններով  մի քանի հարյուր հազար դոլարի պարտատեր է դարձել։ Իր այդ պարտքը չստանալու պատճառով մոտ 20 օր առաջ դիմակավորված ու մինչեւ ատամները զինված ոստիկանների ուղեկցությամբ ներխուժել է պարտապանի սեփականությունը հանդիսացող բնակարան եւ նրան ստիպել այդ բնակարանը դարձնել իր կամ իր հարազատներից մեկի անունով։ Գործարքն իրականացվել է եւ արձանագրվել ՀՀ պետական կադաստրում: Հոլիվուդյան ֆիլմերի սցեննարներին հարիր ոստիկանական այդ օպերացիան, ի դեպ, իրականացվել է ոչ պաշտոնապես։ Այսինքն՝ ոստիկանության աշխատակիցներն այդ օպերացիայի ժամանակ գործել են որպես ամենասովորական հանցագործներ եւ մարդուն պարզապես ուժով եւ ապօրինաբար ունեզրկել են։ Մի խոսքով, եթե այս  «ֆինանսական կառույցի» գործը սկսեն բացահայտել, պետք է լինեն ոչ թե պաշտոնանկություններ, այլ ձերբակալություններ, ընդ որում՝ զանգվածային...»,- գրել է «Հայկական ժամանակը» եւ նշել, որ բացի Ներսիկ Նազարյանից, հնարավոր է պաշտոնանկ արվեն նաեւ այլ բարձրաստիճան ոստիկաններ, որոնց թվում շրջանառվում է փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանի, Հունան Պողոսյանի, Ոստիկանական ակադեմիայի տնօրեն Հովհաննես Վարյանի անունները: