Ես հարգանքով եմ վերաբերում Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանն այն մասին, որ նա արդեն այն տարիքում չէ, որպեսզի զբաղվի քաղաքականությամբ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, մամուլի ասուլիսում նշեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը՝ մեկնաբանելով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը՝ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին:
«Նոր տարուն ես շնորհավորական բացիկներ էի ուղարկել Հայաստանի երեք նախագահներին, որտեղ պատկերված էր բաբելոնյան աշտարակը, ի նշան նրա, որ նրանց կառավարման 20 տարիները կործանարար էին Հայաստանի համար: Բացառություն էր Ղարաբաղի ազատագրումը, իսկ մնացած առումներով բոլոր երեքն էլ նպաստել են Հայաստանի կործանմանը»,-ասաց Փոստանջյանը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանելով հարցին, թե ինչու ՀԱԿ-ը մի միացել Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժմանը, պատասխանել էր. «Իսկ ինչո՞ւ պիտի միանայի Րաֆֆի Հովհաննիսյանին, որպեսզի աղոթեի՞ Վովա Գասպարյանի հետ: Կներեք, ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, բայց Վովա Գասպարյանի հետ մոմավառությունն իմ մանկության երազանքը չի եղել»:




























