Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ապրիլի 16-ին մասնակցել է Հայաստանի ոստիկանության 95-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը եւ հանդես եկել շնորհավորական ելույթով: Արթուր Բաղդասարյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Հարգարժան գեներալներ, սպաներ, հարգելի տիկնայք եւ պարոնայք, Ազգային անվտանգության խորհրդի եւ մեր աշխատակազմի անունից ջերմորեն շնորհավորում եմ ոստիկանության 95-րդ տարեդարձի կապակցությամբ եւ բոլորիդ մաղթում նախեւառաջ քաջառողջություն, անձնական երջանկություն, հաջողություններ ձեր դժվարին աշխատանքային առաքելության մեջ: Ես կարծում եմ, որ  Հայաստանում ոստիկանությունը սկսել է փոխել իր դեմքը եւ սա շատ կարեւոր է մեր երկրում իշխանության դեմքը հավաքական իմաստով փոխելու տեսանկյունից: Ես ողջունում եմ ոստիկանությունում վերջին շրջանում տեղի ունեցող դրական փոփոխությունները: Այդ մասին ես խոսել եմ ոստիկանության վերջին կոլեգիայի նիստի ժամանակ եւ, կարծում եմ, որ փոփոխությունները ոստիկանության ներսում, իսկապես, պետք է շարունակվեն, որպեսզի մենք, մի կողմից ունենանք քաղաքացու թիկունքին կանգնած,  քաղաքացուն օգնող ու աջակցող ոստիկան, մյուս կողմից՝ լկտիությունն ու սանձարձակությունը պատժող, օրենքի վրա թքած ունեցած մարդկանց նկատմամբ խիստ պատժամիջոց կիրառող ոստիկանության աշխատակից:

Ես կարծում եմ, որ ոստիկանության ներսում տեղի ունեցող փոփոխությունները  եւ նաեւ ապագայում սպասվելիք բարեփոխումները, որոնք պայմանավորված են եւ մեր երկրի ներսում տեղի ունեցող գործընթացներով եւ նաեւ արտաքին աշխարհում, միջազգային մեր գործընկների կողմից առաջարկված պահանջներով, մոտակա ժամանակաշրջանում կշարունակվեն հաջողությամբ իրականացվել եւ մենք, իսկապես, մի օր կունենանք ոստիկանության այնպիսի համակարգ, որով կարող ենք հպարտանալ:

Ես նույնպես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր ապրիլի 9-ին կարողացան ցուցաբերել զսպվածություն, ոստիկանին վայել կեցվածք: Մենք կարողացանք մեր երկրում հասարակական, քաղաքական գործընթացները տանել այնպիսի հունով, որպեսզի երկրում տեղի չունենան բախումներ, չհոսեց արյուն:

Կարեւորում եմ սկսած փոփոխությունների շարունակությունը, կարեւորում եմ ՀՀ ոստիկանության համակարգում այնպիսի բարեփոխումների իրականացումը, որոնք մեր ոստիկանությանը կբերեն եւ կդասակարգեն միջազգային չափանիշներին համապատասխան լավագույն ոստիկանական կառույցների շարքին: Կրկին շնորհավորում եմ եւ մաղթում ամենայն բարիք»: