Ցավում եմ, որ այնպիսի փորձառու քաղաքական գործիչ, ինչպիսին ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանն է, չի ընդունել եւ չի հասկացել Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերի պատճառը ապրիլի 9-ի բողոքի գործողությունների ժամանակ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, մամուլի ասուլիսում նշեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը՝ մեկնաբանելով ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հայտարարությունը՝ թե իր համար անհասկանալի են Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունները:
«Երբ գործ ունես ահաբեկիչների հետ, պետք է պատրաստ լինես իրադարձությունների ցանկացած զարգացման: Եվ այդ օրը Րաֆֆի Հովհաննիսյանն արել է ամեն ինչ, որպեսզի խուսափի արյունահեղությունից: Մենք գործ ենք ունեցել ահաբեկչական գործողությունների հետ, որոնց հետեւում կանգնած էր Սերժ Սարգսյանը, եւ մենք չպետք է տրվեինք ահաբեկչական բնույթի սադրանքներին: Ցավում եմ, որ նման փորձառու քաղաքական գորիչները չեն գիտակցում դա: Ես կարող եմ առանձին զրուցել նրանց հետ եւ բացատրել»,-ասաց Փոստանջյանը՝ ընդգծելով, որ ներկայումս ապրիլի 9-ի բողոքի ակցիաների արդյունքում չկան ձերբակալված, վիրավորված եւ սպանված քաղաքացիներ:
Հիշեցնենք, որ Աղվան Վարդանյանը՝ մեկնաբանելով Երեւանում տեղի ունեցող վերջին հանրահավաքները, նշել էր, որ իր համար անհասկանալի է մնացել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հարգել է Հիսուս Քրիստոսի հիշատակը, աղոթել ոստիկանապետի հետ եւ մեկնել Մոսկվա, որպեսզի այնտեղից բերի հայ ժողովրդի հաղթանակը:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























