Երեւանի ավագանու ապրիլի 17-ին գումարված արտահերթ նիստում, նախքան օրակարգի հարցերին անցնելը, ավագանու անդամ Աստղիկ Գեւորգյանը Երեւանի ավագանու բոլոր անդամների անունից շնորհավորել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Երեւանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել Երեւանի համայնքային սեփականություն համարվող բնակարաններն անհատույց օտարելու մասին, ինչպես նաեւ հողամասերի փոխանակության մասին որոշումների նախագծերին:
Ավագանին հավանություն է տվել նաեւ Հայաստանի վաստակավոր շինարար Բաղդասար Արզումանյանի եւ Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Էդվարդ Արեւշատյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումների նախագծերին:




























