Այսօր՝ ապրիլի 17-ին, տեղի է ունեցել «Դասավանդում են բրյուսովցիները» անգլերենի անվճար ուսուցման ծրագրի ամփոփումը: Այն կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը։ Ծրագրի շրջանակներում անգլերենի դասընթացների է մասնակցել պետական եւ ոչ պետական բուհերի ավելի քան 150 ուսանող: Նրանցից 117-ը, ովքեր հաջողությամբ հանձնել են քննությունները, ստացան ավարտական վկայականներ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը, ողջունելով եռամսյա դասընթացները հաջողությամբ ավարտած ուսանողներին, ընդգծեց, որ այսօր ցանկացած մասնագիտության տեր մարդ, առանց օտար լեզվի իմացության, չի կարող լիարժեք զարգանալ։ Ա. Տեր-Հովակիմյանը նշեց, որ այս ծրագրով ուսանողների համար որոշակի սոցիալական խնդիր է լուծվում, քանի որ լրացուցիչ լեզու սովորելն այսօր այդքան էլ մատչելի չէ։ Նա նաեւ հավաստիացրեց, որ օտար լեզվի դասավանդման ծրագիրը լինելու է շարունակական։
ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը կարեւորեց «Դասավանդում են բրյուսովցիները» ծրագիրը, քանի որ այդ դասընթացների միջոցով լեզվաբանական համալսարանը կարողացավ ոչ միայն միավորել տարբեր բուհերի ուսանողներին, այլեւ դեռեւս ուսանող բրյուսովականները հնարավորություն ստացան դասավանդման փորձ ձեռք բերել։
Աննա Նիկողոսյանը սովորում է պետական մանկավարժական համալսարանում, ավարտել է անգլերենի անվճար դասընթացները, նկատում է, որ երեք ամիսների ընթացքում կարողացել է ընդհանուր գիտելիքներ ստանալ անգլերենից, արդեն հաղորդակցվում է այդ լեզվով։ Նա նաեւ նշում է, որ դասընթացները բավականին հագեցած էին, եւ ցանկություն ունի շարունակվելու դեպքում է′լ ավելի կատարելագործել իր գիտելիքներն այս լեզվից։
Ավելացնենք նաեւ, որ «Դասավանդում են բրյուսովցիները» ծրագիրը 2012թ. արժանացել է Հայկյան մրցանակի «Տարվա լավագույն միջբուհական ծրագիր» անվանակարգում:




























