Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին 2008 թվականի օգոստոսին խաղացել է Ռուսաստանի խաղը եւ հայտնվել Ռուսաստանի ձեռքին «խամաճիկի» դերում: Նման տեսակետ է հայտնել Վրաստանի վերաինտեգրման հարցերի պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին՝ մեկնաբանելով այն ժամանակների իրադարձությունները:

«Այսօր Սահակաշվիլիի հայտարարությունները, թե նրանց (ռուսական կողմին) չէր հետաքրքրում Ցխինվալին, այլ հետաքրքրում էր Վրաստանը, հեքիաթներ են: Նրանք ստացել են այն, ինչ ցանկացել են… Իմ կարծիքով, Սահակաշվիլին ռուսական խաղ է խաղացել, իսկ հրապարակայնորեն` ամերիկամետ խաղ: Ռուսաստանը, ներողություն, լավ բռնել էր Սահակաշվիլիի քթից եւ նա հավատում էր նարցն, իսկ երբ «գցեցին», պարզվեց, որ լավ, ձրի խամաճիկ էր»,- հայտարարել է Զաքարեիշվիլին լրատվամիջոցների հետ զրույցում, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

Ընդ որում, նա նկատել է, թե համաձայն է նախագահի կարծիքին, թե անհրաժեշտ է 2008թ. օգոստոսյան պատերազմի քաղաքական, այլ ոչ քրեական հետաքննություն:

«Ինքն իրենով պատերազմ վարելը հանցագործություն չէ, այսինքն պատերազմ սկսել-չսկսելու հարցը պետության իրավունքն ու գերակայությունն է… Ինձ հետաքրքիր է, թե ինչ է եղել պատերազմից առաջ, ինչպես մենք հասանք պատերազմի»,- նշել է Զաքարեիշվիլին: