Կեղծ քաղաքական ուժերի առկայությունը մեզ բացարձակապես չի մտահոգում. մենք ողջունում ենք յուրաքանչյուր ընդդիմադիր ուժի պայքարը, քանի որ նրանք մեր մրցակիցները չեն, մեր միակ մրցակիցը եղել եւ մնում է գործող իշխանությունը: Այդ մասին հայտարարել է «Բարեւ, Երեւան» դաշինքի համամասնական ընտրացուցակը գլխավորող, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանը:
Նրա խոսքով, արդեն գործի են դրվել ինչպես ընտրակաշառքը, այնպես էլ կեղծիքները, սակայն կոնկրետ դեպքեր նշելու խնդրանքին պատասխանեց, թե այդ մասին գրում են Facebook-ում: Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի ավագանու ընտրություններից, Մարտիրոսյանը հույս է հայտնել, թե ժողովուրդը նույնկերպ կքվեարկի, ինչ նախագահական ընտրություններին` չնայած կաշառքին եւ ճնշումներին: «Ես հուսով եմ` մայիսի 5-ից հետո «Բարեւ, Երեւան» դաշինքը մեծամասնություն կլինի Երեւանի ավագանում: Եւ մեր նպատակը լինելու է ոչ թե անձնական խնդիրների, այլ երեւանցիների խնդիրների լուծումը»,- նշել է Մարտիրոսյանը:
Հարցին, թե ինչպես կազդի «Բարեւ, Երեւան»-ի վարկանիշի վրա այլ ընդդիմադիր ուժերի մասնակցության փաստը, նա պատասխանեց. «Ոչ մի կերպ»: Մարտիրոսյանը չի բացառել, որ ընդդիմադիր ուժերը կարողանան միավորել ընտրություններից հետո Երեւանի խնդիրները լուծելու համար:




























