Նախընտրական շրջանում ակտիվություն են սկսել ցուցաբերել այն քաղաքական ուժերը, որոնք նախագահական ընտրությունների ժամանակ զերծ մնացին պայքարից եւ մասնակցությունից: Խոսքը այսպես կոչված ընդդիմադիր ուժերի` «Բարգավաճ Հայաստանի», Դաշնակցության եւ Հայ ազգային կոնգրեսի մասին է, որոնք փորձում են ապացուցել, որ ընդդիմություն են եւ ստանան երեւանցիների ձայնը: Այդ մասին Շենգավիթ վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության անդամ, «Բարեւ, Երեւան» դաշինքի համամասնական ընտրացուցակում ընդգրկված Անահիտ Բախշյանը:
«Զգոն եղեք եւ մի մոռացեք, թե ինչ են իրենցից ներկայացնում այդ կուսակցությունները, հատկապես ԲՀԿ-ն, ոը իշխող հանրապետական կուսակցության սիամական երկվորյակն է»,- հայտարարել է Անահիտ Բախշյանը` կոչ անելով ժողովրդին չմոռանալ այն մասին, որ այդ երկու կուսակցությունները ձեռք ձեռքի տված ստեղծել են գործող իշխանությունը:
Նրա խոսքով, նախընտրական քարոզարշավը մոտենում է ամենալուրջ փուլին, երբ ժողովուրդն իր ձայներով կվերցնի իշխանությունը Երեւանում, եւ «Բարեւ, Երեւան» դաշինքի միջոցով կստեղծի մայրաքաղաքի կառավարման օրինական համակարգ: նա ամենաակտիվ քաղաքացիներին հրավիրել է դառնալ վստահված անձ տեղամասերում:
«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը շենգավիթցիներին կոչ արեց հերթական անգամ չխաբվել իշխանության ներկայացուցիչների կեղծ խոստումներին: «Հեղափոխությունը չի ավարտվել փետրվարի 18-ին, այն շարունակվում է»,- նշել է Սաֆարյանը:
Նշենք, որ Գարեգին Նժդեհի հրապարակում «Բարեւ, Երեւան» դաշինքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը մի քանի տասնյակ մարդ էր եկել:




























