Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի եւ ՀՀ Ազգային գրադարանի համագործակցությամբ այսօր՝ ապրիլի 17-ին, բացվել է ցուցադրություն` նվիրված Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» հռչակավոր վեպի առաջին հրատարակության 80-ամյակին:

Բացման հանդիսավոր խոսքով ելույթ են ունեցել ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը եւ ՀՀ Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը: ՀՑԹԻ տնօրենը Ազգային գրադարանին է հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կողմից այս առիթով «Երախտագիտություն» շարքով թողարկած «Ֆրանց Վերֆել» ոսկե հուշամեդալի մեկ օրինակ:

«Մուսա լեռան քառասուն օրը» պատմավեպը, որը նկարագրում է Մեծ Եղեռնի տարիներին կիլիկիահայության գոյամարտի հերոսական դրվագներից մեկը, որի արդյունքում եւ ֆրանսիական ռազմանավերի շնորհիվ վերահաս բնաջնջումից հրաշքով փրկվեց ավելի քան չորս հազար մարդ, իրավամբ համարվում է կոթողային մի ստեղծագործություն, որի բովանդակությունը մեկ գեղարվեստական ստեղծագործության սահմաններում լիարժեքորեն ներկայացնում է Հայոց ցեղասպանության սարսափներն ու ինքնապահպանության համար մղված պայքարը:

Ազգային գրադարանում ներկայացված ցուցադրության մեջ ներառվել են պատմավեպի տարբեր տարիներին եւ տարբեր լեզուներով լույս տեսած ավելի քան հիսուն հրատարակություններ, որոնք Ազգային գրադարանի եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուների մասն են կազմում:

Ցուցադրությունը բաց կլինի երեք օր: