Լոռիի մարզում եւ հատկապես մարզկենտրոն Վանաձորում տեղացած առատ ձյունը որոշ վթարների պատճառ է դարձել: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, այսօր կեսօրին ԱԻՆ մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձորի Վարդանանց 49 շենքից փրկարարներին հայտնել են, որ թաց ձյան ծանրությունից հոտած ծառն ընկել է Ռաֆայել Ամոյանին պատկանող մեքենայի վրա՝ պատճառելով լուրջ վնասներ:
Բարեբախտաբար դեպքի պահին մեքենայում մարդ չի եղել: Ձյան առատ տեղումներն սկսվել են նախօրեին, ուշ երեկոյան ու շարունակվում են մինչեւ հիմա: Ոչ անցած գիշերը, ոչ այսօր ճանապարհներին խնդիրներ չեն առաջացել՝ վստահեցնում են Լոռիի մարզային փրկարարական վարչությունում, նշելով, որ Լոռիում բոլոր ճանապարհներն անցանելի են:

Լուսանկարներն՝ Էդվարդ Արզումանյանի




























