Հայաստանի ազգային փոքրամասնությունների ՀԿ-ները սատարում են Տարոն Մարգարյանին: Այսօր՝ ապրիլի 17-ին կայացել է Հայաստանի ազգային փոքրամասնությունները ներկայացնող հասարակական կազմակերպությունների ղեկավարների եւ անդամների հանդիպումը՝ մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբի ներկայացուցիչներ Արտակ Դավթյանի, Մկրտիչ Մինասյանի եւ Արտակ Զաքարյանի հետ:

Հայաստանի ազգային փոքրամասնությունների  հասարակական կազմակերպությունները, հաշվի առնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ժամանակահատվածում մայրաքաղաքում արձանագրված ձեռքբերումները մասնավորապես կանաչապատման, փողոցների ու բակերի բարեկարգման եւ այլ ուղղություններով,  հայտարարել են, որ մայիսի 5 -ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում կսատարեն Հայաստանի Հանրապետական Կուսակցության կողմից առաջադրված Երեւանի ավագանու անդամության թեկնածու, Երեւանի գործող  քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունը:

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ընդգծել են, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ ունեցած հանդիպումները միշտ անցել են ջերմ ու փոխադարձ հարգանքի մթնոլորտում, իսկ առաջ քաշված հարցերը որպես կանոն գտել են գործնական լուծումներ:

Այնուհետ  ներկաները անդրադարձել են իրենց համայնքներին հուզող հարցերին`մասնավորապես մայրենի լեզուներով  պարբերականների տպագրման կամ ֆինանսավորման ավելացման, ռադիո հաղորդումների հեռարձակման հետ կապված: Բարձրացվել են նաեւ քաղաքային տնտեսությանն առնչվող այլ խնդիրներ, նախանշվել են լուծման տարբերակները, որոնք կփոխանցվեն Երեւանի ավագանու անդամության թեկնածու, Երեւանի գործող  քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ  կքննարկվեն ապրիլի 30-ին ազգային փոքրամասնությունների հետ նախատեսված հանդիպման ժամանակ: