Պետական հիմնարկներն ու պետական ոչ առեւտրային կազմակերպություններն իրավասու են մինչեւ 1 մլն դրամ գնումներն իրականացնել ուղղակիորեն՝ առանց մրցույթների հայտարարման: ՀՀ կառավարությունն այսօր՝ ապրիլի 18-ին որոշում ընդունեց փոփոխություն կատարել 2011 թ. ընդունված «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» որոշման մեջ:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ օրինակ՝ թատրոնները կկարողանան օպերատիվ կազմակերպել բեմադրությունները՝ ավելորդ ժամանակ չծախսելով դեկորացիաների, հագուստների կամ այլ նյութերի ձեռքբերման ժամանակ: Նա այնքան կարեւորեց սույն որոշումը, որ նույնիսկ հետաքրքրվեց, թե երբ է այն հրապարակվելու եւ ուժի մեջ մտնելու:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը հավաստիացրեց, որ որոշումը ստորագրելուց հետո 1-օրյա ժամկետում այն կհրապարակի:  «Իրենց կյանքը հեշտանում է»,- ասաց Տ. Սարգսյանը: