2013 թ. գարնանային զորակոչը կանցկացվի մայիս-հուլիս ամիսների ընթացքում՝ ՀՀ նախագահի 2013 թ. ապրիլի «2013 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին» հրամանագրի 1-ին կետի պահանջներով: ՀՀ կառավարությունն այսօր՝ ապրիլի 18-ին որոշում ընդունեց ստեղծել զորակոչի կազմակերպումն ապահովող հանրապետական զորակոչային հանձնաժողով (պաշտպանության նախարարի ղեկավարությամբ), մարզային հանձնաժողովներ եւ կենտրոնական բժշկական հանձնաժողով (ՀՀ զինվորական կոմիսար Հ. Մուրադյանի ղեկավարությամբ):
«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն` պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում 18-ից մինչեւ 27 տարեկան արական սեռի զորակոչիկները:
Այօրվա որոշմամբ նախատեսվում է նաեւ ՀՀ զինված ուժեր զորակոչել 2013 թ. հունիսի 30-ի դրությամբ 18 տարին լրացած եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից հաստատված ցուցակում ընդգրկված, բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին մասնակցած ու պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից չօգտվող քաղաքացիներին, որի պարագայում կապահովվի վերջիններիս բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու հնարավորության իրականացումը:




























