Անասնապահության ոլորտի արտադրանքը, պաշտոնական տվյալներով, մեզ մոտ գերմրցակցային է:  Երկրում առկա է գյուղատնտեսական արտադրանքի 23 շուկա, որից  8-ը` մայրաքաղաքում: Մսամթերք են վաճառում սուպերմարկետներում, սովորական մթերային խանութներում, ճանապարհներին...

Արտադրության ոլորտը նույնպես մոնոպոլիզացված չէ: Հայաստանի մսամթերքի շուկայի պահանջարկն ամբողջությամբ ապահովող  խոշոր անասնաբուծական ֆերմաներ Հայաստանում չկան: Մսի արտադրության ոլորտում  առեւտրային ընկերությունների մասնաբաժինը 2011թ-ին կազմել է մոտ  7,7%:

Յուրաքանչյուր ֆերմերային տնտեսությանը միջինը բաժին է ընկնում 1,8  խոշոր եղջրավոր անասուն:  Տավարի մսի գները  2007- 2012թթ. ավելացել են  65,6%-ով, խոզի մսինը` 2,1 անգամ: Միաժամանակ, միջին անվանական աշխատավարձը  երկում դանդաղ է աճել` 57,8%-ով, իսկ  հարկերն ու վճարումները հանած`  55,3%-ով: Նշենք, որ միջին աշխատավարձով ամսական հնարավոր է ձեռք բերել մոտավորապես 42կգ տավարի միս: Սա շատ է, թե քիչ: Ռուսաստանում, օրինակ, 2011թ. միջին աշխատավարձով ամսական հնարավոր էր գնել  100 կգ տավարի միս:

Տեղական ֆերմերները հաճախ են դժգոհում իրենց թալանող գներից, որոնք վերավաճառողները թելադրում են: Վերջիններս շուկայում միսը վաճառում են մեկ այլ գնով, իսկ իրենց առաջարկում դրա կեսը, երբեմն` դրանից էլ քիչ:

Տեղական ռեսուրսների անբավարարության պայմաններում շուկայում գների աճը բերում է ներմուծման շահավետության: Անցած տարի, օրինակ,  ներկրվել է 8,3  հազ. տոննա խոզի միս, այն դեպքում, երբ տեղական արտադրանքի ծավալը կազմել է միայն  6,1 հազ. տոննա: Խոշոր եղջրավոր անասունի միս այս տարի ներկրվել է 8,3 հազ. տոննա, ընդ որում  Հնդկաստանից` գրեթե  8,0 հազ. տոննա:

Ինչպես հայտնի է, հնդկական ապրանքը ներկայացված է գոմեշի մսի տեսքով, որի մաքսային արժեքը կազմում է 2,4  դոլար` կիլոգրամի դիմաց: Հենց էժանության պատճառով էլ այն լայնորեն օգտագործվում է Հայաստանի մսամթերքի կոմբինատներում:

Ալբերտ Խաչատրյան