ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հերքեց Ստեփան Դեմիրճյանի՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար դառնալու մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները: Լրագրողների հարցին ի պատասխան նա հայտնեց, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավարը նշեց նաեւ, որ խմբակցության վերջին նիստերին չեն մասնակցում Նիկոլ Փաշինյանը եւ Հրանտ Բագրատյանը, իսկ դրա պատճառների մասին նա խորհուրդ տվեց հարցնել հենց նրանց՝ հավելելով, որ իրեն այդ մասին ոչինչ չեն ասել:
Զուրաբյանը նշեց, որ խմբակցությունների նիստերին մասնակցելու համար եւ հրավեր է լինում, եւ առանց հրավերի է լինում, դրանց մասին բոլորը տեղեկանում են:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը եւ Հրատ Բագրատյանը չէին մասնակցել նաեւ ՀԱԿ կուսակցության համագումարին: Պատգամավորները չէին մեկնաբանել իրենց չմասնակցությունը համագումարին, իսկ Լեւոն Զուրաբյանն այսօր պարզաբանեց, որ Նիկոլ Փաշինյանը հրավիրված չէր համագումարին: Պատճառը, նրա խոսքով, այն է, որ իրենք հրավիրել են այն ուժերին, որոնք պատրաստ են սերտ համագործակցել իրենց հետ, իսկ Նիկոլ Փաշինյանի դեպքում, «համենայն դեպս, դա չի արտահայտվել»:




























