Հայ հասարակությունը դեռ Երեւանի քաղաքապետ ընտրելու փորձ չունի, թեկուզ անուղղակի եղանակով: Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, մամուլի ասուլիսում նշեց ՀՀՇ նախկին վարչության անդամ, միջազգային վերլուծաբան Հովհաննես Իգիթյանը:
Նա հիշեցրեց, որ մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում կա երկու մոտեցում: Իշխանություններն ասում են, որ այդ ընտրությունները չեն կրում քաղաքական բնույթ եւ խոսքը միայն «մենեջմենթի» մասին է: Ոչ իշխանական ուժերը, հակառակը, պնդում են, որ այդ ընտրությունները քաղաքական են: Ամեն ինչ կախված է նրանից, թե կողմերն ինչպես կհամոզեն հասարակությանը, ասաց Իգիթյանը:
Մեկնաբանելով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը՝ երկրում բուրժուադեմոկրատական հեղափոխության մասին, Հովհաննես Իգիթյանը նկատեց, որ դա ընդամենը տեսակետ է, այն էլ՝ տեսական: Նա նաեւ հիշեցրեց, որ այդ տեսակետն առաջին անգամ չի հնչում: Փորձագետի խոսքով, ժամանակակից պայմաններում դժվար է իրավիճակին նման մեկնաբանություն տալ: Ավելին՝ չկան նախադրյալներ հեղափոխության համար, երբ ներքեւները չեն ուզում, իսկ վերեւները չեն կարողանում:




























