Մայիսի 1-5-ը Երեւանում կանցկացվի «Հայացք» երիտասարդական կինոփառատոնը։ Այն կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը եւ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը։
Երիտասարդ ստեղծագործողները փառատոնի շրջանակներում հնարավորություն կունենան պայքարելու հետեւյալ անվանակարգերում լավագույնը ճանաչվելու համար.
• Լավագույն ռեժիսոր
• Լավագույն օպերատորական աշխատանք
• Լավագույն ֆիլմ
• Լավագույն մտահղացում
• Հանդիսատեսի համակրանք
Լավագույն ֆիլմերը կընտրի պրոֆեսիոնալ ժյուրին։ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթողին կորոշի հանդիսատեսը՝ փառատոնի կայք էջում համապատասխան քվեարկությամբ։ Իրենց նախընտրած հեղինակներին մրցանակներ կշնորհեն նաեւ փառատոնի հովանավորները։
Կինոփառատոնին ներկայացված բազմաթիվ հայտերից կընտրվի եւ կցուցադրվի 25 աշխատանք։ Ֆիլմերը, որոնք կցուցադրվեն, բազմաժանր են։
«Հայացք» կինոփառատոնի նպատակն է երիտասարդությանը հնարավորություն ընձեռել կինոյի լեզվով ինքնաարտահայտվելու իրենց հուզող, հետաքրքրող, զարմացնող ու ոգեւորող երեւույթների ու գաղափարների մասին: Այն նաեւ հիանալի հնարավորություն է երիտասարդներին իրենց ստեղծագործությունները մեծ էկրանից հանդիսատեսին ներկայացնելու համար:
«Հայացք» կինոփառատոնը կանցկացվի Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում:
Ծրագրի հատուկ գործընկերներն են «Լաբարնա» («Labarna») հուշանվերների, «Արվեստի աշխարհ» («Art World») խանութ սրահները։




























