Վալերի Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանողները ոչ քաղաքական կազմակերպություն են ստեղծել՝ ` «Բրյուսովի ուսանողների միություն» անվանումով:
Նրանց տարածած հայտարարությունում ասվում է.
«Մենք` ԵՊԼՀ ուսանողներս, հաշվի առնելով բուհի ներսում ուսանողների իրավունքների եւ պարտականությունների կատարման կարեւորությունը, ուսանողների շրջանում ոչ քաղաքական եւ կուսակցական գործունեություն ծավալող կազմակերպության բացակայությունը, հայտարարում ենք մեր կողմից ուսանողական ոչ քաղաքական նախաձեռնության` «Բրյուսովի ուսանողների միության» ստեղծման մասին:
Անցած տարվա ընթացքում բուհում տեղի ունեցած յուրօրինակ ուսանողական շարժումը ապացուցեց մեր համալսարանի ուսանողների վճռականությունը` սեփական իրա-վունքները պաշտպանելու եւ իր կողմից հռչակված խնդիրները լուծելու հարցում:
«Բրյուսովի ուսանողների միություն» ուսանողական նախաձեռնությունը իր գործունեության ժամանակ առաջնորդվելու է «հանուն ուսանողության» սկզբունքով:
Գործունեության ընթացքում նախաձեռնությունը պատրաստվում է`
• իրականացնել այլընտրանքային ուսումնական ծրագրեր` ուղղված ուսանողների մտավոր եւ ինտելեկտուալ զարգացմանը,
• կազմակերպել բանավեճեր` ուսանողությանը հետաքրքրող ցանկացած թեմայի շուրջ,
• կազմակերպել ժամանցային միջոցառումներ, որոնք ուղղված չեն լինի ուսանողներին կուսակցական գործունեության մեջ ներգրավելուն,
• պաշտպանել բոլոր ուսանողների շահերը, որոնք այս կամ այն պատճառով ոտնահարվել են,
• հնարավոր բոլոր միջոցներով նպաստել բուհի ներսում պարբերաբար տեղի ունեցող կուսակցական գործունեության տապալմանը,
Միեւնույն ժամանակ հայտարարում ենք, որ մեր գործունեության ընթացքում հայտնաբերված խնդիրների լուծման ճանապարհին հայտնում ենք մեր պատրաստակամությունը` համագործակցելու բուհի ղեկավարության եւ այլ շահագրգիռ կողմերի հետ:
Հ.Գ. Ի դեպ այսօր` ապրիլի 18-ին, լույս է տեսել մեր ուսանողական նախաձեռնության` «ԲՈւՄ» ուսանողական ամսաթերթի առաջին համարը, որը հանդիսանում է «Բրյուսովի ուսանողների միության» պաշտոնաթերթը բուհի շրջանակներում: Նախաձեռնությանը մասնակից ուսանողները հանդես են եկել ստորագրահավաքով, որին մասնակցել են ավելի քան 50 ուսանողներ»:




























