Այսօր՝ ապրիլի 18-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ուխտավորաբար գտնվող Վրաստանի Լատին Եկեղեցու առաջնորդ Ջուզեպպե արքեպիսկոպոս Պազոտտոյին, հոգեւոր սպասավորներին ու միանձնուհիներին` ուղեկցությամբ Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում եւ Արեւելյան Եվրոպայում Կաթողիկե Եկեղեցու առաջնորդ Հ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի:
Հանդիպման սկզբում Հ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանն Ամենայն հայոց կաթողիկոսին ներկայացրել է ուխտավորներին` շնորհակալություն հայտնելով հայոց հոգեւոր կենտրոնում Քույր Եկեղեցու հոգեւոր սպասավորներին հյուրընկալելու համար:
Այնուհետեւ կաթոլիկ ուխտավորներին հայրապետական իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է բերել Գարեգին Բ-ն: Շնորհավորելով ներկաներին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի գահակալության առիթով`Ամենայն հայոց կաթողիկոսն անդրադարձել է Մայր Աթոռի եւ Վատիկանի ջերմ փոխհարաբերություններին:
Զրույցի ավարտին Վեհափառ Հայրապետը Տիրոջ օգնականությունն ու զորակցությունն է մաղթել Կաթոլիկ Եկեղեցու սպասավորներին` քրիստոսապատվեր իրենց ծառայության արդյունավորման համար:



























