Հուշարձանների վերականգնման խնդիրը միշտ չէ, որ կապված է դրամական միջոցների հետ. Ոչ պակաս կարեւոր է բնակչության վերաբերմունքը հուշարձանների հանդեպ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, մամուլի ասուլիսում նշեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը:

«Ես չեմ կարող շատ տեղեկատվություն տալ, քանի որ պետական կառույցների ներկայացուցիչ չեմ: Շատ ուրախ եմ, որ պատմական հուշարձաններն այնքան կարեւոր են քաղաքակիրթ ժողովուրդների համար, որ տարեկան մեկ օր նվիրվում է հուշարձաններին: Սակայն թե որքան է այդ օրը կարեւոր հայ հասարակության համար, ես անկեղծ ասած, դեռ չեմ զգացել»,-ընդգծեց հուշարձանագետը՝ հավելելով, որ կցանկանար 5 րոպեով կրթության նախարար լինել եւ այդ դեպքում կհրամայեր բոլոր դպրոցների տնօրեններին արշավներ կազմակերպել աշակերտների համար եւ նպաստել նրանց կողմից հայրենիքի հուշարձանների ճանաչմանը: