Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով  մեղադրյալ Արայիկ Պետրոսյանի կալանքի որոշումը փոխել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Գիվի Հովհաննիսյանը:

Նրանց համար սպասելի էր Վերաքննիչ դատարանի այս որոշումը, պատրաստվում են խափանման միջոցը փոխելու համար դիմել Վճռաբեկ դատարան, իսկ Հայաստանի դատական ատյանները սպառելուց հետո հասնել մինչեւ Եվրադատարան:

Անդրադառնալով ոստիկանության այսօր տարծած հաղորդագրությանը` Գիվի Հովհաննիսյանը նշեց, որ դեռեւս անտիմոնի հայտնաբերումը հիմք չէ կարծելու, թե այդ մարդը սպանություն է կատարել: Նա կոչ է անում ոստիկանությանը բացատրել, թե ինչ է անտիմոնը, ինչից կարող է առաջանալ, եթե անտիմոնը կարող է առաջանալ կրակոցից, ապա դա դեռ չի նշանակում, որ այն առաջացել է հենց կրակոցից:

Փաստաբանը շեշտեց, որ եզրակացության մեջ նշված է, որ Արայիկ Պետրոսյանի հագուստները զենքի  կրման հետքեր չեն պարունակում: Իսկ անտիմոնը կարող էր առաջանալ մարտկոցի հետ շփվելուց, ինչը Արայիկ Պետրոսյանը արել է:

Գիվի Հովհաննիսյանի կարծիքով`  իրավապահ մարմինները փորձում են Հրաչ Մուրադյանի սպանության գործը կապել սեպտեմբերի ՏԻՄ ընտրություններից հետո տեղի ունեցած վիճաբանության հետ եւ ցույց տալ, թե Պետրոսյան եղբայրների եւ Պռոշյանի սպանված գյուղապետի միջեւ վիճաբանություն է եղել, որը վեր է ածվել թշնամանքի եւ նրանք որոշել են վերջինիս սպանել: «Ամբողջ գործի քննությունը դրան է ուղղված: Թեեւ իրենց հարաբերությունները նորմալ է եղել, թշնամությոսւն, հակասություն չեն ունեցել»,- ասաց Գիվի Հովհաննիյանը` շեշտելով, որ գյուղապետի հարազատները եւս վստահ են, որ պռոշյանցի եղբայրները կապ չունեն այդ սպանության հետ:

«Միայն ոստիկանությունն է հավատում, որ Պետրոսյան եղբայրներ են գործել այդ սպանությունը, բայց երեւի իրենք էլ չեն հավատում, գործ է, անում են»,- նկատեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի առավոտյան 9.00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ  հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպանություն`անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ)  եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Տարածքում պարկուճներ չեն հայտնաբերվել:

Ձերբակալվել են նույն գյուղի բնակիչներ Արայիկ եւ Արտակ Պետրոսյանները: Որպես հիմնական կասկածյալ, լրատվամիջոցներում շրջանառվում է նաեւ գյուղապետի մրցակից Արթուր Մուրադյանի անունը:

Ապրիլի 5-ին Արայիկ Պետրոսյանը կալանավորվել էր, իսկ քրեական գործով վարույթ իրականացնող մարմնի որոշման հիման վրա Արտակ Պետրոսյանն ազատվել էր արգելանքից, սակայն օրեր անց կրկին ձերբակալվել, ապա կալանավորվել էր խուլիգանության մեղադրանքով: Գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի դեմքից եւ քթից, ինչպես նաեւ նրա կողմից դեպքի օրը շահագործված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի սրահից՝ առջեւի աջ կողմի մեջտեղի հենակի ներսի կողմից, առջեւի ձախ դռան շրջանակից եւ պաստառի ներսի կողմից, համեմատական հետազոտության նպատակով խծուծների վրա վերցված նմուշներում դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր: