Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը պատասխանել է NEWS.am-ի թղթակցի մի քանի հարցերին:
Հայ ազգային կոնգրեսը դիմում է իր կազմից դուրս եկած կուսակցություններին`վերադառնալ Հայ ազգային կոնգրես, նախկինում հռչակված նպատակներին համատեղ ուժերով հասնելու համար: Հնարավոր համարո՞ւմ եք Պահպանողական կուսակցության վերադարձը ՀԱԿ դաշինք, եթե ոչ,ապա ինչո՞ւ: Ես չգիտեմ, թե ո՛վ լիազորություն ունի Հայ ազգային կոնգրեսի անունից հայտարարություն անելու.hամենայն դեպս, մինչեւ 2012թ. դեկտեմբերի 25-ը՝ մինչեւ մեր հեռանալը, այդպիսի լեգիտիմ մարմին չկար ձեւավորված, թեեւ ՀԱԿ հռչակագրում այդպիսի նպատակադրման դրույթ կար: Երաշխի՞ք կա, որ չորս եւ կես տարվա ընթացքում այդ հռչակված պարզագույն նպատակը չիրականացրած կառույցը կամ դրա մի մասը որեւէ այլ նպատակ իրականացնելուվստահություն է ներշնչում: Պահպանողական կուսակցությունը չի կարող լուրջ ընդունել այդպիսի հայտարարությունները եւ իր գործունեությունը պայմանավորել դրանցով:
Ինչպե՞ս եք գնահատում ապրիլի 9-ի իրադարձությունները եւ դրանից հետո ստեղծված վիճակը Հայաստանում:
Ապրիլի 9-ի իրադարձությունները նոր թվարկության սկզբնավորման ջրբաժան լինել չեն կարող իրենց թատերական էությամբ, ուստի դրանից հետո Հայաստանում վիճակ չէր կարող փոխվել եւ գնահատության արժանի լինել:
Քանի որ Պահպանողական կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրություններին սատարում է «Բարեւ,Երեւան» դաշինքին, ի՞նչ կարծիքի եք՝ ինչպե՞ս կանդրադառնան Րաֆֆի Հովհաննիսյանի`ապրիլի 9-ի եւ դրան հաջորդած գործողությունները դաշինքի վրա: Խոսքը, մասնավորապես,վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի`ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ աղոթելուն, մոմավառությանը, որի համար նա բազմաթիվ քննադատությունների արժանացավ:
Բանական քաղաքացիներն այդ համատեղ աղոթքը կամ մոմավառությունը միայն դրականորեն կարող են ընկալել, քանի որ աղոթքը կարող է շահարկել միայն երկու կատեգորիա՝ թուլամիտներն ու սրիկաները: Եթե Հիսուսը մաքսավորների ու մարմնավաճառների հետ կարող էր սեղան նստել, ապա սովորական մահկանացուներս, այդ թվում հարգարժան պարոն Հովհաննիսյանը, ո՞վ դարձանք, որ որոշենք, թե ում հետ կարելի է աղոթել եւ ում հետ՝ ոչ: Սա մեր հասարակական մտքի տկարությունն է, որ լուսնային տարիներով հեռու է քրիստոնեության բուն էությունից:
Ինչպե՞ս եք գնահատում Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի վերաբերյալ: Խոսքը Լեւոն Տեր-Պետրոսյանի «միանայի, որ ի՞նչ անեի: Միանայի,որ գնայի Վովա Գասպարյանի հետ աղոթեի՞:Կներեք,ուզում եք հավատացեք կամ մի հավատացեք,իմ մանկության երազանքը չի եղել Վովա Գասպարյանի հետ մոմ վառելը» հայտարարության մասին է:
Ոչ մի կերպ չեմ գնահատում:




























