«Ազատություն» կուսակցության նախագահ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը պատասխանել է NEWS.am-ի թղթակցի մի քանի հարցերին:
«Ազատություն» կուսակցությունը սառեցրել է իր հարաբերությունները ՀԱԿ դաշինքի հետ: Կցանկանայի իմանալ, թե ինչ եք պատրաստվում անել, անսալո՞ւ եք ՀԱԿ-ի կոչին` վերադառնալ դաշինք եւ փորձել նախկինում հռչակված նպատակներին համատեղ ուժերով հասնել:
«Ազատություն» կուսակցությունն իր հարաբերությունները սառեցրել էր մինչեւ նախագահական ընտրությունները։ Բայց ուրբաթն ավելի շուտ եկավ, քան՝ շաբաթը։ ՀԱԿ կուսակցության ստեղծումով իրավաբանորեն անհասկանալի է ՀԱԿ դաշինքը կա, թե՝ ոչ։ Հիմա սառեցման մասին խոսք լինել չի կարող։ Միեւնույն ժամանակ ես չգիտեմ, թե ի՞նչ է եղել ՀԱԿ-ը։ Հավանաբար այն այլեւս չկա։
Լեւոն Զուրաբյանն ասուլիսում հայտարարել է, թե Դուք եւ Նիկոլ Փաշինյանը չեք մասնակցել ՀԱԿ խմբակցության վերջին նիստերին: Կցանկանայի իմանալ, թե որն է պատճառը, չե՞ք իմացել, թե՞ չեք ցանկացել մասնակցել դրանց եւ ինչո՞ւ: Այսուհետ մասնակցելո՞ւ եք ՀԱԿ խմբակցության նիստերին:
Խնդիր կա. եթե ՀԱԿ-ը չկա (եթե չկա), ապա դա ո՞ւմ խմբակցությունն է։ Կապրենք կտեսնենք։
Թեեւ արդեն որոշակի ժամանակ է անցել, բայց ամեն դեպքում հետաքրքիր է` ձեզ հրավիրե՞լ էին ՀԱԿ համագումարին, թե՝ ոչ. եթե այո, ապա ինչո՞ւ չեք մասնակցել:
Հրավիրված եղել եմ։ Ցավոք չեմ կարողացել մասնակցել:




























