«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արագած Ախոյանի որդու վրա ավազակային հարձակում գործողները դեռ չեն հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արագած Ախոյանը:

Նա նորմալ է համարում, որ միջադեպից գրեթե մեկ շաբաթ է անցել, սակայն դիմակավորված անձինք չեն հայտնաբերվել: «Այդքան հեշտ չէ, լուրջ աշխատանք է, որը կատարվում է: Համոզված եմ, որ ամեն ինչ արվում է, որպեսզի բացահայտվի»,- ասաց նա:

Ախոյանը նշեց, որ միջադեպից հետո որեւէ սպառնալիք, տարօրինակ բան չեն նկատել: Իրենք սպասում են, որ հանցագործները նորից հայտնվեն տեսադաշտում, հետեւեն որդուն, սակայն այդպես էլ չեն հայտնվում: «Բնականաբար, մարդու բերանը որ կաթից վառվում է, թանն էլ են փչելով խմում»,- ասաց Արագած Ախոյանը:

Պատգամավորը տեղեկացրեց, որ փոխել են դռան կողպեքը, այժմ նրա ընտանիքի, մասնավորապես` որդու անվտանգությունն ապահովված է: «Անվտանգությունը ապահոված է եւ իր, եւ տան: Թիկնապահը ուրիշ բան է, բայց ընկերը ուրիշ բան է»,- ասաց նա` նշելով, որ ոչ թե թիկնապահներ են վարձել, այլ պարզապես որդու հետ միշտ իր ընկերներն են լինում:

ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, որ նախկինում իր ընտանիքի անդամների հետ երբեւէ նման դեպքեր չեն եղել, նույնիսկ դռները չեն փակում: Դիտարկմանը, թե դռները պետք է փակել, դուք թանկարժեք նկարներ ունեք, նա նշեց, որ որտեղ որ այդ նկարներն են, այդ դռները ոչ միայն փակվում են, այլեւ վերահսկվում են տեսախցիկներով: «Մեր դռները միշտ բաց են եղել մեր հյուրերի համար»,- նկատեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին, գիշերը 02։30-ի սահմաններում, ավազակային հարձակում է եղել Ազգային ժոդովի ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանի որդու վրա: Պատգամավորը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ Վիկտոր Համբարձումյան փողոցի 10 շենքում՝  մուտքի մոտ, 4 դիմակավորված անձինք էլեկտրաշոկով հարձակվել են որդու` 19-ամյա Հայկ Ախոյանի վրա, մի քանի անգամ էլեկտրահարել են: Դիմակավորված անձինք նրա մոտից հափշտակել են բջջային հեռախոսը եւ տան բանալիները, իսկ դրամապանակը չեն կարողացել տանել, վերջինս հայտնաբերվել է դեպքի վայրում: Բանն այն է, որ հարեւանը, լսելով աղմուկի ձայնը, լույսը միացրել է, եւ դիմակավորված անձինք փախել են: «Լուրջ դիմադրություն է ցույց տվել, նույնիսկ երբ փախուստի են դիմել, ուզել է հետեւից վազի, բայց չի կարողացել, որովհետեւ շոկի մեջ էր»,- ասաց Արագած Ախոյանը: Նա շեշտել է, որ սա ավազակային հարձակում էր գողության նպատակով եւ այստեղ պետք չէ քաղաքական ենթատեքստ փնտրել, ոչ էլ կապել իր գործունեության հետ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 175-րդ հոդվածի հատկանիշներով (ավազակություն): Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:

Նշենք նաեւ, որ Հայկ Ախոյանը սովորում է Հայաստանի Ճարտարապետագիտական համլսարանի 3-րդ կուրսում: Նա տուն էր վերադառնում հարսանիքից, բայց պատգամավորը  հավաստեց, որ նա թշնամիններ չունի, ոչ էլ հարսանիքի ժամանակ էր միջադեպ գրանցվել: Երիտասարդը հիվանդանոց չի տեղափոխվել, նրա կյանքին եւ առողջությանը  վտանգ չի սպառնում։