NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Կարբի գյուղում «հրեշի» հայտնաբերվելու դեպքի վերաբերյալ: Մեզ հաջողվեց պարզել, որ ոստիկանություն բերման ենթարկված 37-ամյա Վարդան Վարդանյանը Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղից է: Երեկ ուշ երեկոյան Ծաղկալանջի գյուղապետ Մանվել Մկրտչյանը վերջինիս ոստիկանության Աշտարակի բաժնից վերցրել եւ տուն է տարել, որպեսզի այսօր տանեն հոգեբուժարան, «մի կուրս բուժում ստանա, ապաքինվի»:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Ծաղկալանջի գյուղապետ Մանվել Մկրտչյանը: Նա նշեց, որ Վարդան Վարդանյանը հոգեկան խնդիրներ ունի, նախորդ տարի որոշ ժամանակ պառկել է հոգեբուժարանում, բուժվել եւ դուրս է գրվել:

Գյուղապետը շեշտեց, որ նա վտանգավոր չէ եւ մարդկանց վնաս չի պատճառում, մոտ 15-20 օր առաջ տնից դուրս է եկել ու չի վերադարձել: «Հոգեկան շեղումներ ունի, ոտքով դուրս է եկել, դաշտերով հասել է այդ գյուղ: Ինքը գյուղացիներին չի վախեցրել, պարզապես իր մոտ կար մի հատ ռագատկա (պարսատիկ-խմբ), էդ ռագատկայով մի հատ էս տանիքին է քար գցել, մի հատ էս դարպասին է հարվածել, վախի մթնոլորտ է ստեղծել Կարբիում, այնտեղ ոչ մեկ չուներ, ապրում էր ձորերում, դաշտերում»,- ասաց Մանվել Մկրտչյանը:

Վարդան Վարդանյանը ամուսնացած է, ունի երկու անչափահաս երեխա` դուստր եւ որդի: Նա ծագումով Ծաղկալանջ գյուղից է, ապրում է մոր եւ հոր հետ, ունի քույր եւ եղբայր, որոնք ամուսնացած են եւ առանձին են ապրում: ԹԵ ինչու ընտանիքի անդամները նրան օրեր շարունակ չեն փնտրել կամ չեն դիմել ոստիկանությանը, ապա հայրը պատճառաբանել է, որ անկողնային հիվանդ է, հնարավորություն չի ունեցել:

Գյուղապետը տեղեկացրեց, որ տղամարդը չի աշխատում, զբաղվում էր գյուղատնտեսությամբ: Նա նախկինում մարզիկ է եղել` ըմբշամարտիկ:

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս է, ինչ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում խուճապ է։Գյուղացիները պատմում են ինչ-որ «հրեշի» մասին, որը մութն ընկնելուն պես հարձակվում է մարդկանց վրա, մորթում է փողոցի շներին եւ բակերից գողացված իրերը շաղ է տալիս փողոցներով մեկ: Խուճապն ու անհանգստությունն այն աստիճանի են  հասել, որ կանայք ու աղջիկները մութն ընկնելուն պես վախենում են տնից դուրս գալ, իսկ տղամարդիկ բահերով ու լոմերով են դուրս գալիս: Կարբի գյուղի «հրեշին» ոստիկանները երեկ երեկոյան բերման էին ենթարկել: