Վարդան Սեդրակյանի գործով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Սիրունյան» իրավաբանական գրասենյակից: «ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը մեզ է հանձնել քրեական գործի նյութերի պատճենները: Դրանք այժմ ուսումնասիրվում են: Մեկնաբանությունները կլինեն եկող շաբաթ»,- հայտնեցին նրանք:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մարտի 5-ին դատարանը որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, իրեն էպոսագետ համարող Վարդան Սեդրակյանին: Դատական նիստը անցել է դռնփակ: Սեդրակյանին կալանավորելու միջնորդությամբ դատարանին էր դիմել ԱԱԾ-ն: Սեդրակյանը մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու համար: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար: Սիրունյանը բողոքարկել էր նրա կալանավորվելու որոշումը, ինչպես նաեւ դիմել էր քննիչին` ներկայացնելու մեղադրանքի հիմքը: Նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի կալանավորման հարցով վերաքննիչ բողոքը մարտի 18-ին մերժվել էր: Նրանք դիմել են Վճռաբեկ դատարան: Հայաստանի ԱԱԾ քննչական վարչության կողմից ապրիլի 16-ին, Վարդան Սեդրակյանին առաջադրվել է նոր մեղադրանք՝ Քրեական օրենսգրքի 34-38-305 հոդվածներով:




























