ԱԻՄ առաջնորդ, մահափորձի ենթարկված նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի երեկ` ապրիլի 18-ին, Բրյուսելի հիվանդանոցներից մեկում կատարված վիրահատությունը հաջող է անցել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա քրոջ որդին` Վրեժ Զատիկյանը:
Նա նշեց, որ առավոտյան խոսել է անձամբ Հայրիկյանի հետ, վերջինս ցավերի մեջ է եղել նարկոզից դուրս գալու ընթացքում է: «Վիրահատությունը լավ է անցել, բայց երկարատեւ բուժում անհրաժեշտ կլինի»,- ասաց Վրեժ Զատիկյանը:
Առայժմ հայտնի չէ, թե Հայրիկյանը երբ դուրս կգրվի հիվանդանոցից, ապաքինումը կանցնի արտերկրո՞ւմ, թե՞ կվերադառնա Հայաստան:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ, հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Դրանից հետո նա տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, վիրահատվել այնտեղ, իսկ վերջերս այնտեղից տեղափոխվել է Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոն: Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է տասներկուսից քսան տարի ազատազրկում կամ ցմահ դատապարտում): Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում, փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ` Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք Երեւանում էին գտնվում անօրինական կերպով, առանց որոշակի զբաղմունքի, եւ ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել, սակայն մինչ օրս հայտնի չեն նման քայլի դրդապատճառները: Ավելի ուշ նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանն է կալանավորվել, նա մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու համար: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար:
Նշենք, որ Հայաստանի կառավարությունն մարտի 28-ին, 20.5 մլն դրամ է հատկացրել առողջապահության նախարարությանը՝ Պարույր Հայրիկյանի բուժման ծախսերը արտասահմանում փոխհատուցելու նպատակով: Գումարը հատկացվել է կառավարության պահուստային ֆոնդից: 2013թ. նախագահի ընտրությունների քարոզարշավի ժամանակ մահափորձ էր կատարվել նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա: Նրա բուժումը կազմակերպվել էր Երեւանի մասնագիտացված բուժհաստատություններում, սակայն առողջության լիարժեք վերականգման համար նպատակահարմար է շարունակել բուժումը արտերկրում: Նախնական հաշվարկներով՝ բուժումը արտերկրում հնարավոր է կազմակերպել մոտ 20,500.0 հազ. դրամով (մոտ 50 հազ. դոլար):




























