«Արմավիայի» կողմից ապրիլի 1-ից թռիչքների դադարեցումը որեւէ բացասական ազդեցություն զբոսաշրջային այցելությունների վրա չի ունեցել: Այդ մասին այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը: «Կապի մեջ ենք մասնավորի հետ, զբոսաշրջային գործակալությունների հետ. որեւէ բողոք, չեղյալ հայտարարված ամրագրում չունենք»,- ասաց Ա. Պետրոսյանը:
Նրա տեղեկացմամբ՝ այլ ավիաընկերութուններ ավելացրել են թռիչքները դեպի Հայաստան եւ լրացրել «Արմավիայի» բացը: Բացի այդ, ըստ Ա. Պետրոսյանի, «Արմավիան» վերջին ամիսներին առանց այն էլ նվազեցրել էր իր թռիչքները՝ զիջելով շուկան այլ ավիաընկերությունների, ուստի նրա շուկայից դուրս գալը արտակարգ իրավիճակներ չստեղծեց:
Նշենք նաեւ, որ «Ամստադ տուր» զբոսաշրջային գործակալության հիմնադիր տնօրեն, ներգնա տուրօպերատորների միության նախագահության անդամ Արմինե Ադամյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ որոշ խմբեր չեղյալ են համարել իրենց ամրագրումները՝ «Արմավիայի» եւ «Լոտ Լեհական ավիաուղիների» թռիչքների դադարեցման հետ կապված:



























