Հայաստանի խորհրդարանում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը տեղեկություն չունի երկրի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ առաջնորդ գագիկ Ծառուկյանի նոր հանդիպման մասին: «Ես նման տեղեկություն չունեմ»,-այսօր՝ ապրիլի 19-ին, մամուլի ասուլիսում ասել է Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ են ճիշտ տեղեկությունները, որ Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ նոր հանդիպում է տեղի ունեցել, բացի Հովիկ Աբրահամյանի հիշատակած հանդիպումը:

Հովհաննես Սահակյանը նշել է, որ եթե հարցի ենթատեքստը կապված է ԲՀԿ-ի հետ հնարավոր նոր կոալիցիա կազմելու հետ, ապա որպես քաղաքական թիմի ներկայացուցիչ չի կարող բացառել նման տարբերակը: Նա ընդգծել է, որ ՀՀԿ-ն, լինելով վերջին երկու համապետական ընտրություննների (խորհրդարանական եւ նախագահական) հաղթող ուժը, պետք է ունենա իր պահանջները եւ խաղի կանոնները: «Մնացած հարցերում ՀՀԿ-ն ոչ մի խնդիր չի տեսնում ոչ միավորման, ոչ կոալիցիա ստեղծելու հարցում»,-ասել է Սահակյանը:

Անդրադառնալով ներկայումս կոալիցիայի մաս կազմող ՕԵԿ-ի գործողություններին, որն ակտիվորեն մասնակցում է Երեւանի ավագանու ընտրություններին, Սահակյանը նշել է, որ ՕԵԿ-ի կողմից քննադատության ակտիվացումը կապված է ընդդիմադիր տրամադրված ընտրողների առավել ձայներն ստանալու ցանկության հետ: Երեւանի բյուջեի ոչ արդյունավետ ծախսելու վերաբերյալ մեղադրանքներին ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավորն առաջարկել է ծանոթանալ իրերի իրական դրությանը եւ համոզվել, որ այդ մեղադրանքն անհիմն է: Սահակյանի խոսքով՝ նման քննադատությունն ուղղված է այսրոպեական խնդիրների լուծմանը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am