Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը հրաժարվել է կանխատեսում անել՝ կապված նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետագա քայլերի եւ նրա նախաձեռնած պայքարի նոր ճակատ ձեւավորելու հետ:
«Ես չեմ կարող կանխատեսում անել՝ կապված Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, որովհետեւ, առնվազն քաղաքական առումով նա ինձ համար անկանխատեսելի է»,-այսօր՝ ապրիլի 19-ին, մամուլի ասուլիսում ասել է Հովհաննես Սահակյանը:
Միաժամանակ, նա նշել է, որ չիրականացված խոստումները հասարակության մեջ հիասթափություն են առաջացնում: Սահակյանի համոզմամբ՝ ընդդիմության գլխավոր խնդիրը նրա պառակտվածությունն է: Նա նշեց, որ ընդդիմադիր ուժերը փորձում են իրար միս ուտել՝ նպատակ ունենալով ավելի շատ ձայն հավաքել Երեւանի ավագանու ընտրություններում՝ խտրականություն չդնելով պայքարմի միջոցների միջեւ: «Արդյունքում Րաֆֆի Հովհաննիսյանի շարժման արդյունքում որոշ քաղաքական ուժեր մնացել են խաղից դուրս եւ հիմա փորձում են քննադատությամբ փոխհատուցել դա»:




























