Որոշ ուժեր, այդ թվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններն օգտագործում են իրենց քաղաքական դիրքը պահելու համար: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:

Պատգամավորի խոսքով, իր ներկայացրած քաղաքական ուժը, ի տարբերություն ընդդիմախոսների, երեբք սեւ PR չի օգտագործում, իսկ մյուսներն օգտագործում են: Որպես օրինակ նա բերեց ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանի դիրքորոշումը, որը սեւ PR-ի մասին հարցին ի պատասխան, ոչ հերքել, ոչէլ հաստատել էր տվյալ գնահատականը: «Բայց ընտրություններից հետո կյանքը շարունակվում է, ուստի եկեք թողնենք այդ մեթոդները»,- կոչ է արել Սահակյանը` հավելելով, որ «ֆեյսբուքյան գործընթացները պատիվ չեն բերում»:

Խոսելով ՀՀԿ-ԲՀկ փոխհարաբերությունների մասին` Սահակյանը նշել է, թե կուսակցությունները մի կոալիցիայում են եղել, սակայն հետո տարաձայնությունների պատճառով խզեցին միությունը: «ԲՀԿ-ն չի մասնակցել նախագահական ընտրություններին, այժմ փորձում է առավեռլագույն արդյունքի հասնել, բայց դա պետք է անել քաղաքակիրթ մեթոդներով»,- ասել է Սահակյանը` հավելելով, որ որեւէ քննադատություն անպատասխան չի մնալու:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am