Երեւանի բնակիչները սիրում են քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նման համոզմունք է հայտնել ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը ապրիլի 19-ին կայացած մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով, գործող քաղաքապետի նկատմամբ երեւանցիների համակրանքի մասին վկայում են ընտրողների հետ հանդիպումները: Հարցին, թե բնակիչների մեծ մասը բացասական վերաբերմունք ունի ՀՀԿ-ի նկատմամբ, որի ներկայացուցիչն էլ Մարգարյանն է, Սահակյանը պատասխանել է, թե բնակչության մեծ մասը իր հույսերը կապում է հենց իշխող կուսակցության հետ: Չբացառելով խնդիրների առկայությունը` Հովհաննես Սահակյանը ընդգծել է, որ Տարոն Մարգարյանը քաղաքապետի պաշտոնում իրեն դրսեւորել է որպես լավ աշխատող:

Հարցին, թե Տարոն Մարգարյանը կմնա քաղաքապետի պաշտոնում սահմանված ող ժամկետում, պատգամավորը պատասխանել է այո, եթե այլ, ավելի բարձր պաշտոնի չնշանակվի: Լրագրողներից մեկի ռեպլիկին «կամ էլ եթե Դոմինգոն Երեւան չգա», պատգամավորը պատասխանեց. «Այո, եթե չար լեզուները Դոմինգոյին Երեւան չբերեն»:

Հիշեցնենք, որ աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյի` Երեւան այց ժամանակ միջադեպ էր եղել, որի պատճառով Գագիկ Բեգլարյանը զրկվեց քաղաքապետի պաշտոնից: