Ռուսաստանի Սվերդլովսկի երկրամասի ոստիկանությունը պարզում է Պերվոուրալսկի թիվ 1 դպրոցում կատարված դաժան դեպքի հանգամանքները: Դեռահաները փորձել են այրել 8-ամյա տղային, ով չի ցանկացել նրանց տալ իր փողերը:

Տիմոֆեյ Սուսլովը դպրոց է եկել իր եղբոր` Դանիլայի հետեւից: Տղաներն արդեն պատրաստվել էին դուրս գալ դպրոցից, երբ նրանց մոտեցել են երկու այլ դպրոցականներ` 11-ամյա Կոլյա Մ-ն եւ 12-ամյա Վլադ Ե-ն: Խուլիգանները եղբայրներին պատին սեղմելով` նրանցից շտապ հինգ ռուբլի են պահանջել: Երբ Տիմոֆեյն ասել է, որ փող չունի, դեռահասներից մեկը բռնել է երեխային, մյուսը նրա վրա բենզին է լցրել եւ վառել կրակայրիչը: Տղայի վերարկուն միանգամից բռնկվել է եւ դեռահասները` վախենալով իրենց կատարած քայլից, փախել են, իսկ Տիմոֆեյն իր ընկերոջ հետ ձյան միջոցով մարել են վառվող հագուստը:

«Որդիս ֆիզիկապես չի տուժել, միայն նրա գլխի մազերն են խանձվել, բայց նա ուժեղ սթրես է տարել: Հիմա նա նյարդային է դարձել, վախկոտ է եւ գիշերները գոռում է: Մենք հոգեբանի մոտ ենք եղել, եւ նա դեղեր է նշանակել»,- ասել է տուժածի մայրը` Մարինա Սուսլովան, հայտնում է Lifenews.ru-ն:

Կինը նույն օրն եւեթ հայտարարություն է գրել ոստիկանությունում եւ դպրոց է ուղեւորվել` պարզելու իրավիճակը: Ոստիկանները պարզել են, որ կրակայրիչները լիցքավորելու համար նախատեսված բենզինը, որով դպրոցականները վառել են Տիմոֆեյի հագուստը, նրանք անարգել գնել են խանութից: