Պարույր Հայրիկյանի վիրահատությունից հետո բուժումն ինտեսիվ է լինելու, հետեւաբար դժվար է ասել կառավարութան կողմից տրամադրված գումարը կբավականացնի՞ այդ ծախսերին, թե՝ ոչ: Այս մասին, այսօր` ապրիլի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:

Անդրադառնալով պետության կողմից տրամադրված 20 հազար դոլար գումարի շուրջ շահարկումներին, նա հեգնանքով նշեց, որ  Պարույր Հայրիկյանի մեղքն այն է, որ այդ մահափորձի ընթացքում վերջինս չմահացավ: «Եթե մահափորձի ընթացքում վերջինս մահանար, ապա նման խոսակցություններ չէին լինի: Պետական, ոչ պետական կառույցների կողմից ավելի մեծ գումարներ կծախսվեին, ընդհուպ Հայրիկյանին կդարձնեին ազգի հերոս»,- ասաց փաստաբանն ու հավելեց, որ տրամադրած գումարը շատ քիչ է, որ Հայրիկյանը լրիվ վերականգնվի, իսկ բարոյական վնասի մասին ձեռնպահ մնաց խոսել:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ,  հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Դրանից հետո նա տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, վիրահատվել այնտեղ, իսկ վերջերս այնտեղից տեղափոխվել է Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոն: Հետո բուժման է մեկնել Բելգիա եւ երեկ վիրահատվել է:

Նշենք, որ Հայաստանի կառավարությունն մարտի 28-ին, 20.5 մլն դրամ է հատկացրել առողջապահության նախարարությանը՝ Պարույր Հայրիկյանի բուժման ծախսերը արտասահմանում փոխհատուցելու նպատակով: Գումարը հատկացվել է  կառավարության պահուստային ֆոնդից: